Բադեր

Բադերը ջրլող թռչուններ են: Հայտնի են 147 տեսակի բադեր, իսկ Հայաստանում կան 29 տեսակի բադեր՝ լայնակտուց բադ, կարմիր բադ, կռնչան բադ, մեծ սղոցակտուց բադ, մոխրագույն բադ, սպիտակագլուխ բադ, խայտաբադ, կարապներ, սուզաբադեր, տուրպաններ: Բադերը փոքրամարմին են, մինչև 5 կգ կարող են կշռել: Պարանոցը և ոտքերը կարճ են: Ոտքերը ծածկված են թեփուկներով: Բադերը մեծ մասամբ լողում են մաքուր ջրերում, իսկ ձագ հանելու ժամանակ դուրս են գալիս ցամաք: Բադերի տարբեր տեսակներ ունեն տարբեր գունավորում՝ մոխրագույն, խայտաբղետ, սպիտակ, կապույտ, սև և այլն: 27 Բադերը բնադրում են գետնին, խոտերի մեջ, իսկ որոշ տեսակներ՝ ծառերի փչակներում, թփերի վրա: Դնում են 5-12 ձու, թուխս են նստում գարնան վերջին և ամռան սկզբին: Բադերն ամենակեր են, սնվում են բույսերով, միջատներով, թրթուրներով, խխունջներով, ծովային մանր անողնաշարավոր կենդանիներով: Հազվադեպ են սուզվում, գերադասում են լայն կտուցով հասնել հատակին՝ ջրից դուրս թողնելով պոչը: Ընտանի բադերը սերում են վայրի՝ կռնչան բադից, որը մտնում է իսկական կամ ազնիվ բադերի խմբի մեջ: Ընտանի բադերն ունեն համեղ միս, փափուկ աղվամազ և ամուր փետուրներ: Նրանց կերակրում են ուտելիքի մնացորդներով, եփած կարտոֆիլով, ծլած հացահատիկով: Նրանք արագ են մեծանում և 70 օրվա ընթացքում հասնում են մինչև 3-4 կգ-ի:

Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը ու բացատրի՛ր առցանց բառարանի օգնությամբ: