Ալբերտ Մորավիա
Երբ մտքերը սառչում են օդում
(1-ին մաս)
Պիտի որ իմանա՝ մեզանից միլիոնավոր տարիներ առաջ Բ և Եռում շատ ավելի ցուրտ էր, քան այսoր: Ջերմաստիճանը միլիարդ աստիճան զրոյից ցածր էր, և ամեն ինչ սառչում էր, նույնիսկ՝ մտքերը: Բավական էր մեկը մտածեր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի» անմիջապես նրա գլխավերևում սուր սառցե լուլաներով գրվում էր. . «ցուրտ է, գրո՛ղը տանի»:
Հենց այդ պատճառով էլ Բ և Եռում ոչ ոք չէր համարձակվում մտածել: Բոլորն էլ վախենում էին, որ ուրիշները կկարդան իրենց մտքերը:
Այսպես արջերը, պինգվինները, փոկերը, մարդիկ՝ բոլորը դադարել էին որևէ բան մտածել: Մի խոսքով, Բ և Եռը դարձել էր իսկական հիմարիկների մի աշխարհ:
Դարերից մի դար (երբ ժամանակը դարերով էին հաշվում), մի Ծով Ա. Ցուլ, անշարժ պառկած սառցակտորի վրա, կիսախուփ աչքերով վայելում էր ցուրտը:
Նրա գլխում ոչ մի միտք չկար, բացի մի կարճ «Բա~»-ից: Հենց այդ «Բա~»-ն էլ սառցե տառերով կապված էր նրա գլխավերևում: Թե ի~նչ էր ուզում ասել այդ «Բա~»-ով՝ պարզ չէ:
Հանկարծ ջրից դուրս ցցվեց Օձ Ա. Ձուկն ու, պոչը խաղացնելով, կանչեց.
-Հե~յ, Ծով Ա. Ցուլ, լսիր, ինչ եմ ասում:
-Ասա՛, լսում եմ,- փնթփնթաց Ծով Ա. Ցուլը:
-Ես մի երկրում եղա, որ կոչվում էր Արևադարձ: Ա~յ թե շոգ էր այնտեղ: Եվ գիտե՞ս, այդ երկրում մտքերը չեն սառչում:
-Ի՞նչ ես ասում:
-Հավատա: Ա՛յ, օրինակ, մեկը քեզ է նայում ու մտածում. «Բայց ի~նչ հաստլիկ է այս Ծով Ա. Ցուլը, հա~…», իսկ դու դա չես էլ իմանում, որովհետև այնտեղ մտքերը չեն սառչում ու մնում են անտեսանելի:
Continue reading